Բավ է պառակտվել
19-08-2022 16:52

Էջմիածնում քրեական վարույթ է նախաձեռնվել ավտոմեքենայի վրա կրակոցների փաստով․ մահացածը 27-ամյա երիտասարդ է (տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է նախօրեին Էջմիածին քաղաքում ավտոմեքենայի վրա կրակոցների փաստով քրեկան վարույթ նախաձեռնելու մասին։

Ըստ ՔԿ մամլո ծառայության, երեկ երեկոյան Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կնունյանց փողոցում հայտնաբերվել է մահացած երիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:

Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու հատկանիշներով (ՀՀ ՔO 155-րդ և 335-րդ հոդված)։

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: