Բավ է պառակտվել
27-11-2019 15:11

ԵՊՀ –ում դասադուլները վերսկսվեցին

Այսօր ԵՊՀ hայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները վերսկսել են դասադուլը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները 3 շաբաթ շարունակ դասադուլ և իրազեկման ակցիաներ էին իրականացնում, որից հետո հայտարարեցին՝ ստեղծում են նախաձեռնություն, որն անվանեցին «Հանուն ազգային կրթության»։
Նախաձեռնության անդամներն օրեր առաջ նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։Ուսանողները ստացել են ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պատասխանը, որը չի գոհացրել նրանց։
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջինս երեկ ոչ միայն չի կանգնել՝ պատասխանելու ուսանողների հարցերին, այլև արհամարհել է իրենց՝ կանգնելով թիկունքով։

«Ըստ էության, խոսակցություն չեղավ, և տպավորութուն էր, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտպանում էր ոչ թե ուսանողների, այլ ԿԳՄՍ նախարարի շահերը։ Հիմա նա պետք է ընդունի մեզ և մի շարք հարցերի պատասխանի։ Բոլորս հարցեր ունենք Գեղամ Գևորգյանին, բայց նա խուսափողական վերաբերմունք ունի», - ասաց ԵՊՀ ուսանողը։

Գևորգ Գյուլումյանն ասաց նաև, որ պատրաստվում են Հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև Հայոց պատմություն առարկաների ճակատագրի շուրջ կլոր սեղանների և քննարկումների։
Իսկ ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը նշեց,որ ճնշումներ են եղել ուսանողների վրա և իրենք այդ հարցով դիմել են ուսխորհրդի ներկայացուցիչներին, պատրաստվում են իրազեկել նաև ռեկտորին։
«Որոշակի ճնշումներ ուսանողների նկատմամբ եղել են. ես շարունակում եմ պնդել դա։ Ճնշումները եղել են բացականեր դնելու, հորդորների տեսքով, որ ուսանողների՝ դասերի չհաճախելն ազդում է դասախոսների աշխատավարձի վրա», - ասաց նա։

Հարցին՝ անձամբ իր վրա ճնշումներ գործադրվե՞լ են, Էդվարդ Գալստյանը բացասական պատասխան հնչեցրեց, իսկ ահա դասախոսների մասով, ասաց, տեղեկություն չունի։

 

Արմինե Գևորգյան