Բավ է պառակտվել
30-07-2019 22:15

Երևանում 18-ամյա երիտասարդը դանակահարել է երկու անչափահասի, նրան մեղադրանք է առաջադրվել

Երևանում 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել երկու անչափահասների մարմնական վնաս պատճառելու համար, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հուլիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել ՛Էրեբունի՛ բժշկական կենտրոնից, որ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ “համակցված թորակոաբդոմինալ վնասվածք աջից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, արյունահոսող, կրծքավանդակի և որովայնի խոռոչ թափանցող վերք՝ ստոծանու աջ գմբեթի և լյարդի աջ բլթի վնասումով” ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2004 թվականին ծնված երիտասարդ։ Րոպեներ անց նույն բժշկական կենտրոն է դիմել 2003թ ծնված մեկ այլ երիտասարդ՝ նմանատիպ վնասվածքներով։
Փաստի կապակցությամբ Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը) և 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին վնաս պատճառելը): .

Ըստ նախնական տվյալների՝ այդ օրը, ժամը 21: 00-ին, Էրեբունի և Ազատամարտիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն երիտասարդների միջև, ինչը վերածվել է դանակահարության:
Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են քննչական միջոցառումներ, հետազոտվել է բժշկական կենտրոնի ՛քրեական գրանցամատյանը”, դեպքի վայրից առգրավվել է տուժածների հագուստն՝ արյան հետքերով, ուսումնասիրվել է դեպքի վայրը, որի ընթացքում հայտնաբերվել են արյան նման հետքեր, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են տուժածները և մի շարք վկաներ:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածներով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է։