Բավ է պառակտվել
11-12-2021 20:26

Երևանում դեկտեմբերի 12-ից նոր ավտոբուսներով կսպասարկվի 4 երթուղի

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում վաղը՝ դեկտեմբերի 12-ին սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը, հայտնում են մայրաքաղաքի քաղաքապետարանից։

«Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով», -ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ։

Քաղաքպետարանից հայտնել են նաև, որ դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3,20,97,99:

Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18,13,16,16 միավոր շարժակազմերով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020թ․-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել կոմպակտ դասի 100 ավտոբուս, որոնք արդեն շահագործվում են։ Եվս 211 ավտոբուս՝ 8,6 մետր երկարությամբ, նույնպես քաղաքի միջոցներով, ձեռք է բերվել 2021 թվականին։

Այս տարի Երևանում կդադարեցվի շուրջ 400 միկրոավտոբուսի շահագործումը` ծառայության ժամկետը լրանալու պատճառով (15 տարի): Ընդ որում, ամբողջ քաղաքը սպասարկում է 900 միկրոավտոբուս։

Դիտարկվում է ուղեվարձերի և տոմսերի ճկուն համակարգով ինտեգրված տրանսպորտային ցանցի ներդրման հնարավորությունը։ Մասնավորապես, ներկայիս 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կկրճատվի փոխադրամիջոցների քանակը։ Ընդհանուր առմամբ, կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս։ Ավտոբուսների ընդհանուր թվի 15%-ը կտեղափոխվի ռեզերվ։