Բավ է պառակտվել
22-04-2023 13:00

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում, հայտնում է ոստիկանությունը։

Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հայոց ցեղասպանության մասին

1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 մլն հայերի մասսայական ոչնչացման փաստը, և շատ ծանր է տանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի կողմից իրեն ուղղված մեղադրանքները:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։ 1965 թվականին Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր, որին հաջորդում են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի Պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգներ և Կոնգրեսի երկու պալատները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: