Բավ է պառակտվել
17-08-2022 09:30

Երևանում 16 տարվա ջերմային ռեկորդ կսահմանվի, բայց օդերևութաբանները խոստանում են, որ շոգը կնահանջի

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Իրաքի շրջաններից տաք արևադարձային օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օգոստոսի 17-18-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 16-18-ը սպասվում է նորմայից բարձր, ինչի կապակցությամբ օդերևութաբանները խորհուրդ են տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Օգոստոսի 17-21-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ։

Երևանում չորեքշաբթի ցերեկը սպասվում է 38-40 աստիճան տաքություն։ Այս օրվա առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2006 թվականին՝ 37,3 աստիճան։ Նույն ջերմաստիճանը կպահպանվի նաև հաջորդ օրը, իսկ մինչև կիրակի շոգը մի փոքր կնահանջի, հասնելով 35-37 աստիճանի։