Բավ է պառակտվել
20-05-2022 18:35

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի ճանապարհը փլուզվել է շինարարական նորմերը չպահպանելու հետևանքով (տեսանյութ)

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում ճանապարհի փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Նա շեշտեց, որ ամրացման աշխատանքներ կատարելն ամբողջությամբ շինարարություն իրականացնող ընկերության պարտականությունների տիրույթում է:

«Նորմերի նման խախտման և վերջին շրջանում անոմալ տեղումների արդյունքում ճանապարհին հարակից գրունտը թուլացել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում»,–ասաց Սարդարյանը:

Նա նշեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ճանապարհի վերականգնման և նորոգման համար:

Մասնագիտական խմբերն առաջիկա օրերին համապատասխան եզրակացությունը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան։

Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նշված հատվածում շինարարական աշխատանքներ է իրականացնում «Սահակյանշին» ՓԲԸ–ն։