Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը դեսպանատների առջև՝ ի պաշտպանություն Արցախի։ Մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։
Մինչ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է անժամկետ նստացույցը՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ, այսօր մի խումբ ցուցարարներ շարժվել են դեպի ՌԴ դեսպանատուն։ Այնտեղ նրանք նշել են, որ Ռուսաստանի դերն այս խնդրի լուծման գործում մեծ է, և այդ ուղղությամբ արդյունավետ քայլերի հույս ունեն։
Դրանից հետո ցուցարարները շարժվել են դեպի Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, որտեղ և հնչել են մեղադրանքները։
«Այս երկիրն անմիջական կապ ունի Արցախում տիրող իրավիճակի հետ։ Մեծ Բրիտանիան ուղղակիորեն առնչվում է Արցախում տեղի ունեցած հումանիտար աղետին։ Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, անգլո-ադրբեջանական փոխշահավետ համագործակցության հետևանք է»,– հայտարարել են ցուցարարները։