Բավ է պառակտվել
09-05-2022 18:42

Երևանում մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը

Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին Շուշիի ազատագրմանը նվիրված ընդդիմության հանրահավաքը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան պատերազմների զոհերի։

Հնչել են Հայաստանի և Արցախի օրհներգերը։

Արցախի Հանրապետությունում նույնպես մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան և 44-օրյա պատերազմների զոհերի հիշատակը։

Հայաստանում անհնազանդության ակցիաների մասին

Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները բողոքի երթեր են կազմակերպում Երևանում, Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում՝ կոչ անելով համախմբվել երկրի իշխանությունների գործողությունների դեմ։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների քաղաքականությունը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը.

Մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության լայնածավալ խաղաղ գործողություններ սկսելու մասին։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում և գիշերել դրսում։ Արդեն յոթերորդ օրն է, ինչ շարունակվում են անհնազանդության ակցիաները, հանրահավաքներն ու երթերը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։