Բավ է պառակտվել
17-05-2022 12:50

Երևանում բերման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 414 քաղաքացի

Հայաստանի ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել 414 ընդդիմադիր ակտիվիստի, ովքեր երեքշաբթի օրը փակել էին փողոցները, պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Երեքշաբթի ավելի վաղ նա հայտնել էր 286 բերման ենթարկվածի մասին:

Հայաստանի ընդդիմության առաջնորդներից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց երեքշաբթի օրը բողոքի ակցիաների ավարտի մասին՝ նշելով, որ նպատակն իրականացվել է։ Նա կոչ արեց պատրաստվել երեկոյան հանրահավաքին, որը կմեկնարկի ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում։

Երեքշաբթի առավոտյան Երևանում վերսկսվեցին Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաները։ Ակտիվիստներն ու նրանց աջակցող քաղաքացիները փակել էին մի շարք խոշոր փողոցներ, այդ թվում՝ կենտրոնում՝ Մաշտոցի պողոտան, Աբովյան, Սարյան և Ալեք Մանուկյան փողոցները, Իսահակյան-Տերյան խաչմերուկը, Բաղրամյան պողոտան, ինչպես նաև փողոցներ քաղաքի հյուսիսում, Հարավ-արևմտյան զանգվածում, Շենգավիթում, Քանաքեռ-Զեյթունում և այլ շրջաններում։

Մաշտոցի պողոտայում և Պուշկինի փողոցում ծեծկռտուք տեղի ունեցավ ցուցարարների և պարեկների միջև։ Իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում՝ բիրտ ուժի կիրառմամբ։

Քաղաքի տարբեր թաղամասերում ցուցարարների խմբերը երթով շարժվում են դեպի կենտրոն՝ վանկարկելով «առանց նիկոլ Հայաստան»։