Բավ է պառակտվել
22-09-2021 11:54

Երևանում նոր ժամանակակից սքեյթ-պարկ կհայտնվի

Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կբացվի, շինարարությունն արդեն ավարտական փուլում է, հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշել:
Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ Էմիլ Սարդարյանը նշում է, որ սքեյթբորդիստներն այս պարկին սպասել են մոտ ութ տարի, և այժմ սքեյթբորդինգը Հայաստանում նոր մակարդակի կհասնի։

«Սա մեզ հնարավորություն կտա ունենալ մրցունակ սքեյթբորդինգ: Այստեղ կարող ենք արդեն կազմակերպել մրցումներ ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլև ամբողջ աշխարհի, այսինքն՝ կարող ենք հյուրեր ընդունել»,- ասւմ է նա։
Շուրջ 5000 քառակուսի մետր հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն ստանձել է Ուկրաինայի հայերի միությունը: Նշվում է, որ ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր կնքեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ:

Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները, կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ ԼԵԴ համակարգի և արևային պանելների օգտագործմամբ: Սքեյթ -պարկը նախատեսված է նաև հեծանիվ, անվաչմուշկ և ինքնագլոր քշելու համար:
Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի փոխնախագահ Շիրազ Խաչատրյանը նշում է, որ սքեյթբորդինգը Հայաստանում երկար տարիներ չէր զարգանում, և քչերն էին դրանով զբաղվում, իսկ հիմա օրեցօր մեծանում է նրանց թիվը, իսկ մարզաձևն արդեն պաշտոնապես դարձել է օլիմպիական:

«Այս պարկը ճիշտ պահին կառուցվեց, որովհետև կան հեռանկարային քշողներ, որոնք կարող են մարզվել ու, ինչու ոչ, մրցումներին մասնակցեն ու մեդալներ բերեն Հայաստան»,- ասում է նա։
Արդեն համայնքի միջոցներով նախաձեռնվեց նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը: Քաղաքապետի հանձնարարությամբ հաստատված ծրագրով այգին բերվում է նոր տեսքի, բարեկարգվում է շուրջ 16000 քմ տարածք:
Օղակաձև զբոսայգին բաղկացած է նախագծային 6 հատվածներից: Ընդհանուր մակերեսը 31 հա է, որից 50-60 %-ը այս պահին «զբաղեցված» են տնտեսվարողների կողմից: