Բավ է պառակտվել
22-02-2022 12:07

Երևանում անցկացվում է «Հայաստանն առանց թուրքերի» կարգախոսով բողոքի ակցիա ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ (տեսանյութ)

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ անցկացվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստն՝ ադրբեջանցի պատգամավորների մասնակցությամբ, ընթանում է բողոքի ակցիա։

Ակցիային ելույթ ունեցած ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան քաղաքականության մասին։ Նրա խոսքով, արհեստականորեն ստեղծված Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում պատմականորեն հայկական և արցախյան հողերի նկատմամբ։

«Այս ամենի մեղքն ընկած է Հայաստանի իշխանությունների վրա։ Թշնամիները դրսից և ներսից սպառնում են Հայաստանի պետականությանը», – ասաց Ալավերդյանը` կոչ անելով պայքարել Հայրենիքի համար։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Հայաստան առանց թուրքերի»։ Ելույթներ են ունենում Արցախում 44-օրյա պատերազմի մասնակիցները, զոհված զինծառայողների ծնողները։

Փետրվարի 21–22–ը Երևանում անցկացվում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում են «Արևելյան գործընկերության» երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորները։ Ի թիվս նիստի այլ մասնակիցների՝ Երևան են ժամանել նաև երկու ադրբեջանցի պատգամավոր։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի իր գործընկերների միջև «Արևելյան գործընկերության» կազմակերպություն է, հիմնադրման ակտը ստորագրվել է 2011 թվականի մայիսի 3-ին։ ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Հարթակի նպատակն է զարգացնել ինտեգրացիոն կապերը Եվրամիության և հետխորհրդային այս վեց երկրների միջև։