Բավ է պառակտվել
01-06-2022 18:56

Երևանում մեկնարկել է կանանց և երեխաների երթը

Երևանի կենտրոնից՝ Ֆրանսիայի հրապարակից, մեկնարկել է կանանց և երեխաների երթը։

Երթը խորհրդանշական է և զուգադիպեցված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Դրան մասնակցում են նաև պատգամավորներ, քաղաքական գործիչներ։

Չորեքշաբթի օրը հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի շուրջ 30 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Ընդդիմության նպատակն էր պարզել հասարակության դիրքորոշումը հայտարարության բոլոր կետերի վերաբերյալ, որի շուրջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3-ին նախաձեռնել էին Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ընդդիմության հայտարարության համաձայն՝ Հայաստանը աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանական խորհրդարանական խմբակցությունը (որի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է) հրաժարվել է մասնակցել ընդդիմության նախաձեռնած հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին նվիրված ԱԺ արտահերթ նիստին։

Անհնազանդության ակցիաները Հայաստանում

Ապրիլի 18-ից Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները բողոքի երթեր են կազմակերպում Երևանում, Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում՝ կոչ անելով համախմբվել երկրի իշխանությունների գործողությունների դեմ և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների քաղաքականությունը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը.

Մայիսի 9-ից Երևանում ամեն օր մի քանի ուղղություններով ավտոերթեր և երթեր են անցկացվում, մի քանի ժամով շրջափակվում են կառավարական շենքերը։ Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին՝ բիրտ ուժի կիրառմամբ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։