Բավ է պառակտվել
29-09-2017 13:04

Երևանում տեղի է ունեցել տեղեկատվության ազատությանը նվիրված «Ոսկե բանալի» մրցանակաբաշխությունը

Երևանում տեղի է ունեցել ամենամյա, իսկ այս տարի նաև հոբելյանական « Ոսկե բանալի» և « Ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը:
Մրցանակները շնորհել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն՝ ԱՄՆ-ի դեսպանության « Տեղեկատվության հասանելիության ապահովման, թափանցիկ կառավարման և հասակարակական մասնակցության» վերաբերյալ ծրագրի շրջանակներում:
Այսպիսով, ամենից բաց կառույց է ճանաչվել Շիրակի մարզի մարզպետարանը: Մրցանակը մարզպետ Արթուր Խաչատրյանին է հանձնել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը։
Տեղեկատվական լավագույն պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ կառավարության աշխատակազմին կից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի Geo-fund պաշտոնական կայքը: Ծրագրի ղեկավար Լիլիա Շուշանյանին « Ոսկե բանալի» մրցանակը հանձնել է Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆառնուորթը:
Տեղեկություն ստանալու իրավունքն ամենից ակտիվ կերպով կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Disability info»-ն:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաև հատուկ մրցանակ է շնորհել Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանին:
« Տեղեկատվության ազատության մասին» օրենքն առավել ակտիվ կիրառած հասարակական գործիչ է ճանաչվել Անահիտ Բախշյանը:
«Ժանգոտ կողպեք» հակամրցանակն այս անգամ բաժին է հասել Հայաստանի պատմության թանգարանին՝ ամենից անհեթեթ պաշտոնական պատասխանի համար:
Տեղեկատվության ազատության օրվա կապակցությամբ, որը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արդեն 15-րդ անգամ մրցանակներ է հանձնում ամենից բաց և փակ գերատեսչություններին և կազմակերպություններին: