Բավ է պառակտվել
17-08-2022 14:37

Գլխավոր դատախազությունը հերքել է «Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի գործով մեղադրյալի առկայության մասին հրապարակումները

«Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ, ասել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն, անդրադառնալով մեղադրյալի առկայության մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին։

Նա նշել է, որ «Հրապարակ» թերթից երեկ րեն հարցրել են 2021թ. Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և նա պաըասխանել է, որ այդ գործով կա մեղադրյալ։

2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» ԱԿ-ում հրդեհ էր բռնկվել, այրվել էր տոնավաճառի շուրջ 2 հազ․ քմ տարածք։

«Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը»,- պարզաբանել է Աբրահամյանը։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 2-ը համարվում են անհետ կորած։ Տուժել է 62 անձ, այդ թվում՝ երեխաներ, նրանք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Երեքշաբթի օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի, մնացածներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Որոնողափրկարարական աշխատանքների իրականացման տարածքը կազմում է 1 հա։ Օգոստոսի 17-18-ին Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարված։