Բավ է պառակտվել
08-03-2023 11:15

Վրաստանում ընդդիմությունը կոչ է արել կողմնակիցներին մասնակցել նոր բողոքի ակցիայի

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է չորեքշաբթի կեսօրին Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմացի հրապարակում նոր բողոքի ակցիայի մասին։

«Այսօր խաղաղ ցույցի դեմ անհամաչափ ուժ է կիրառվել հատուկ նշանակության ուժերի և ոստիկանության կողմից։ Ցույցի բազմաթիվ մասնակիցներ բերման են ենթարկվել, որոնց թվում է նաև ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ Մի քանի ժամից ավելի շատ մարդ կհավաքվի խորհրդարանի դիմացի հրապարակում, քան երեկ»,- լրագրողներին ասել է «Ստրատեգիա Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։

Նա կարծում է, որ «համաշխարհային հանրությունը միանշանակ կդատապարտի Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ խաղաղ ակցիան ցրելու համար»։

Ընդդիմության և ոստիկանության առճակատումը շարունակվում է։

«Խորհրդարանի շենքի դիմացի հրապարակն ամբողջությամբ վերահսկվում է ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատների կողմից: Մի քանի տասնյակ ընդդիմադիրներ գտնվում ենՌուսթավելի պողոտայում ոստիկանական շղթայի մոտ: Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկում իրենց մոտեցող ցուցարարներին»,- հայտնում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:

Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վրացական տարբերակը։ Նիստի անցկացման ժամանակ հազարավոր մարդիկ էին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ դեմ արտահայտվելու նախաձեռնությանը։ Ոստիկանության հետ բախումները սկսվեցին քվեարկությունից անմիջապես հետո և շարունակվում են մինչ օրս։

Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվեց օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան, որն օտարերկրյա գործակալների գրանցման մասին ԱՄՆ օրենքի թարգմանությունն է։ Փաստաթղթի վրացական տարբերակի համաձայն՝ իրավաբանական անձը, որի ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից, պետք է համարվի օտարերկրյա ազդեցության գործակալ։ Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող են լինել նաև լրատվամիջոցները, մինչդեռ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։

Նախաձեռնությունը մեծ քննադատության է արժանացել ինչպես վրացական ընդդիմության, այնպես էլ արևմտյան քաղաքական գործիչների կողմից: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի օրինագծի ընդունման դեպքում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել վետո դնել օրենքի վրա։