Բավ է պառակտվել
04-06-2021 12:00

Խոսրովի արգելոցում մեկնարկել է էկոզբոսաշրջության նոր ծրագիր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մեկնարկել Էկոտուրիզմի նոր ծրագիր զբոսաշրջային հատուկ երթուղիներով, տեղեկացնում է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության մամլո ծառայությունը։

Նշվում է, որ նախարարության մշակված ծրագիրով նախատեսվում է զբոսաշրջային հատուկ 9 երթուղի։ Ենթադրվում է նաև արգելոց մուտքի քվոտավորում, հստակ սահմանափակումների ամրագրում, էկոզբոսաշրջության մատուցվող ծառայությունների փաթեթային առաջարկներ, այդ թվում՝ ոլորտում գործող զբոսաշրջային օպերատորների համար, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում։

Արգելոցի տարածք մուտքն այսուհետ վճարովի կլինի, կսահմանափակվի այցելուների թիվը։ Նշվում է, որ շուտով այս քաղաքականությունը կտարածվի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ազգային պարկերի, արգելոցների և դենդրոպարկերի վրա, որոնցում գործում է հատուկ հաստատված ռեժիմ:

Խոսրովի (Գառնի) արգելոցը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի լեռնաբազուկների վրա, զբաղեցնում է 29 հազար հա տարածք Ազատ և Խոսրով գետերի ավազաններում, և տարածվում է ծովի մակարդակից 700-2800մ բարձրություններում։ Արգելոցն առանձնահատուկ է իր բուսական և կենդանական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ։ Տարածքում աճում է բույսերի 1700-ից ավելի տեսակ, կան միջատների և կենդանիների հազվագյուտ տեսակներ, մասնավորապես, անդրկովկասյան գորշ արջ, վայրի խոզ, լայնականջ ոզնի, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, լուսան, գայլ, աղվես, առաջավորասիական ընձառյուծ և այլն: