Բավ է պառակտվել
14-02-2022 13:32

Հայաստանի ԱԻՆ-ը հայտնել է ուժեղ երկրաշարժի հետևանքով փլուզումների մասին

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզումների մասին։

Երկրաշարժ Հայաստանում

Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով 18:25-ին) Հայաստանի Շիրակի մարզի Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք՝ Վրաստանի հետ սահմանի մոտ, գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ցնցումի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ և Ստեփանակերտում։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ Գյումրիի վթարային շենքերում մասնակի փլուզումներ են տեղի ունեցել, շտապօգնությունն ահազանգեր է ստացել սթրեսային իրավիճակի և ճնշման տատանումների մասին, հոսանքազրկվել են Գյումրիի երկու թաղամաս,, ինչպես նաև Մարմաշենն ու Հայկավանը, սակայն. որոշ ժամանակ անց էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Ահազանգեր Երևանում

Արձանագրվել է 5 դեպք։ Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից պոկվել է երկու քար։

Ահազանգ է ստացվել նաև Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 10 տան պատի մասնակի փլուզման մասին։ Պարզվել է, որ պատից թափվել է 8 քար։

Մի քանի շենքերի բնակարաններում, ըստ ԱԻՆ ստացած ահազանգերի, առաջացել են նոր ճաքեր կամ լայնացել են առկա ճեղքերը։

Ահազանգեր Լոռու մարզում

Արձանագրվել է 4 դեպք. Ահազանգ է ստացվել որ փլուզվել է Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցի թիվ 2 տան նկուղի պատը։ Դեպքի վայր է մեկնած մարտական հաշվարկը պարզել է, որ տան նկուղի պատից փլուզվել է մոտ 3 ք․մ հատված, տուժածներ չկան։ Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ:

Ահազանգեր Շիրակի մարզում
Ահազանգ է ստացվել, որ քարեր են թափվել Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքից: Փրկարարները տեղում պարզել են, որ այդ շենքի (3-րդ, մասնակի 4-րդ կարգի վթարային) 4-րդ և 5-րդ հարկերից թափվել է 8 քար (մոտ 15 ք.մ):
Իրավիճակը Վրաստանում

Նույն օրը կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի և Վրաստանի ՆԳՆ օպերատիվ հերթապահների հետ, ճշգրտվել է օպերատիվ իրավիճակը Վրաստանում. ավերածություններ և փլուզումներ չկան։