Բավ է պառակտվել
29-04-2020 12:12

Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ ՀՀ ոստիկանություն

Գավառում երեկ տեղի ունեցած դեպքի մասին ՀՀ ոստիկանության հաղորդագրությունն է տարածել ․ «Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Գավառում կրակոցներ են հնչել ու արդյուքում երկու հոգի սպանվել են, 4 վիրավորվել։ Նորատուս համայնքի և Գավառի անչափահաս տղաների միջև վեճ է եղել: Անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները։ Արդյունքոմ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչը; Սակայն այսքանով չի ավարտվել Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել և ըստ լուրերի երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել:
Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների հետևանքով վիրավորված երկու անձիք և դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են: Ավելի ուշ մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ 500 հոգի ներխուժել են հիվանդանոց:

 

 

Արմինե Գևորգյան