Սոչիի միջազգային օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։ Այդ մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Telegram-ի իր ալիքում։
«Այսօր՝ առավոտյան ժամը ութին մոտ, Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերը անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։
Անվտանգության ապահովման նպատակով Սոչիի միջազգային օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակում է մտցվել։ Հանգստավայր մեկնող թռիչքները օպերատիվ կերպով ուղղվել են այլընտրանքային օդանավակայաններ»,- նշել է նա։
Ըստ Կոպայգորոդսկու, ժամը 08:20-ից օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով։
«Սոչիում ամեն ինչ նորմալ է։ Քաղաքում իրավիճակը հանգիստ է»,- ասել է նա։
Sochi1.ru-ի հաղորդմամբ, Սոչիի օդանավակայանում առնվազն 14 չվերթ է հետաձգվել, ինքնաթիռները մոտ մեկ ժամ չեն բարձրացել կամ վայրէջք կատարել հանգստավայրում։
Տեղեկությունն այն մասին, որ Կրասնոդարի երկրամասի տարածքում անօդաչու թռչող սարք է խոցվել, հաստատել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի տարածքում հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։