Բավ է պառակտվել
06-07-2019 10:40

Մոսկվայում կկառուցվի 405մ բարձրությամբ բնակելի երկնաքեր շեղ պրիզմայի ձևով

“Մոսինժնախագիծ” (Мосинжпроект-խմբ.) հոլդինգը “Մոսկվա—սիթի” թաղամասում սկսել է աշտարակի կառուցման նախապատրաստական աշխատանքները, որը կդառնա Եվրոպայի ամենաբարձր բնակելի երկնաքերը: Այս մասին Մոսկվայում ընթացող ուրբանիստական ֆորումում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքաշինության և շինարարության հարցերով փոխքաղաքապետ Մարատ Խուսնուլինը։

Շենքը կկոչվի “One Tower”: Ընդհանուր բարձրությունը կլինի 405 մետր, իսկ ստիլոբաթի բարձրությունը` 80 մետր: Աշտարակը կունենա 101 վերգետնյա և երեք ստորգետնյա հարկ, ասել է հոլդինգի առաջին փոխտնօրեն Ալբերտ Սունիևը։ Աշտարակին կտրվի շեղ պրիզմայի ձև՝ գրադիենտային և ապակեպատ ճակատներով:

Շենքը կկառուցվի 1-ին Կրասնոգավարդիական անցուղու երկայնքով “Մերկուրի” և “Գրանդ Թաուեր” աշտարակների հարևանությամբ: “One Tower”-ի ստիլոբատում կլինեն բիզնես կենտրոններ, խանութներ, ռեստորաններ և մանկական ժամանցի կենտրոն, իսկ բարձրահարկ մասում՝ բնակարաններ։ Շենքը կունենա ստորգետնյա ավտոկայանատեղի: Հարյուրերոդ հարկում կկառուցվի դիտահրապարակ։

“One Tower”-ը 33 մետրով բարձր կլինի “Ֆեդերացիա” աշտարակից, որը մինչև 2017 թ. հոկտեմբերը համարվում էր ամենաբարձր շենքը Եվրոպայում, բայց հետո զիջեց Սանկտ Պետերբուրգի “Լախթա կենտրոն”-ին:

Շենքը կկառուցվի երեք բարձր վերամբարձ կռունկների օգնությամբ, որոնք ամրացվում են շենքի մոնոլիտ կառուցվածքին և, ըստ անհրաժեշտության՝ բարձրացվում, ասել է “Մոսինժնախագծի” գլխավոր տնօրեն Մարս Գազիզուլինը:

Խուսնուլինի խոսքերով, այժմ աշտարակի համար պատրաստվում են թեստային ցցագերաններ և նախապատրաստվում է փորվածքի համար նախատեսված տեղանքը։ ՛Սա շատ բարդ և հավակնոտ ծրագիր է, բայց ես համոզված եմ, որ այն կկառուցվի բարձր որակով և ժամանակին”, - ասել է պաշտոնյան: