Բավ է պառակտվել
08-03-2020 13:45

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայրենակցուհիներին կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, նշելով, որ այս գարնանային տոնը կանանց նկատմամբ համար հարգանք և անսահման սեր արտահայտելու ևս մեկ առիթ է:

“Այս օրը միայն շնորհավորանքների և մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին ջերմ խոսքեր ու ծաղիկներ նվիրելու առիթ չէ, այլև ևս մեկ անգամ արձանագրելու օրվա խորհուրդը, որը կապված է կանանց իրավունքների պաշտպանության հետ: Թեև մեր երկրում կանանց իրավունքների պաշտպանության առումով ակնհայտ խնդիրներ ակնառու չեն, մշտապես տեղին է կանանց իրավունքների հետ կապված հարցերի քննարկումն ու բարձրաձայնումը”,- մեջբերել է վարչապետի խոսքը կառավարության մամլո ծառայությունը։:

Այդ կապակցությամբ Փաշինյանն ափսոսանքով նշել է, որ կանանց նկատմամբ բռնության դրսևորումներ հայ հանրության շրջանում դեռևս տեղի են ունենում, ինչն անթույլատրելի և անընդունելի է։

“Մեր խնդիրն է՝ բարձրացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մակարդակն ու որակը, որն ի վերջո պիտի հանգեցնի համապատասխան մարմինների կողմից դրանց կանխարգելմանն ու բացառմանն”,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ կանանց դերը նոր Հայաստանում շատ մեծ է և կարևոր:

“Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով լինեն ակտիվ, քաղաքական, տնտեսական, հանրային առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան։ Դա մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է”, - շեշտել է նա:

Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հետամուտ է լինելու կանանց կողմից բարձրաձայնվող խնդիրների լուծմանն ու նախաձեռնելու է այնպիսի ծրագրեր, որոնք առավել հնարավոր են դարձնելու կանանց ներուժի լիարժեք իրացումը թե՛ ընտանիքում և թե՛ հանրային կյանքում։

“Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, նորանոր նախաձեռնություններ և ընտանեկան ջերմություն”, - ասել է կառավարության ղեկավարը: