Ազգային ժողովում երեկ ավարտվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկումը: Այսօր Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ իր դիրքորոշումը կհայտնի իշխող խմբակցության նախագծի վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստանը» հայտնել է, որ ձեռնպահ է մնալու:
Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հորդորով դիմեց ՍԴ անդամներին՝ ասելով, որ իրենց չպետք է նույնացնեն Հրայր Թովմասյանի հետ. «Չնույնացնեն իրենց անցած ճանապարհը եւ ուղղորդվեն օրենքով, իրենց խղճով ու իրենց գիտելիքներով»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հավելեց. «Միանում եմ Ալեն Սիմոնյանին եւ կոչ անում ՍԴ անդամներին այս պատասխանատու պահին արկածախնդրությամբ չզբաղվել, ՍԴ նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին»:
Քվեարկությունը կսկսի ժամը 11:00-ին և կտևի մեկ ժամ: Նշենք, որ նախագիծը կընդունվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ⅗-ի դրական ձայների դեպքում։
Արմինե Գևորգյան