Բավ է պառակտվել
25-09-2020 14:55

Պտղունք համայքնում ամբողջությամբ այրվել է 10 տուն (լուսանկարներ)

Տիկին Ժենյան հարևանի տուն է տեղափոխում տան քիչթե շատ պետքական իրերը։ Երեկ գիշեր Պտղունք համայքնում բռնկված հրդեհի արդյունքում հիմնովին այրվել է 10 տուն։ Բնակիչներից շատերը անգամ իրերը չեն կարողացել փրկել։ Տները այրվել են շատ արագ:

«Ես տանն էի, գնացի հարևանի տուն, երկու րոպե չէր անցել հանկարծ կրակ նկատեցի ու սկսեցի գոռգոռալ։ Զանգեցինք 911։ Մինչև հրշեջները եկան, երկհարկանի տունն ամբողջ վառվեց։

Գյուղապետ Կարապետ Արթենյանը պատմեց, որ  կրակը բռնկվել է գյուղի ամենահին տնից, որը 30-ականների փայտե շինություն է։ Հենց այդ տնից էլ սկիզբ է առել Պտղունք համայնքը։ 

«Ընդհանուր եղել է 14 բնակարան առաջին հարկում, որից 8-ն ամբողջությամբ այրվել է, 2-ը մասնակի, իսկ 4-ը հաջողվել է փրկել, բայց դարձյալ հնարավոր չէ, որ այնտեղ մարդ ապրի։ Մոտ 50 տոննա ջուր ենք լցրել, որ կարողանանք կրակը մարել։ Հրշեջների հետ միասին գյուղացիների օգնությամբ կարողացել ենք կրակը մարել»,- ասում  է գյուղապետ Կարապետ Արթենյանը։

Տներն իրար կպած են ընդհանուր տանիքով, այդ պատճառով  էլ հրդեհն արագ է տարածվել։ Այս պահին խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է և հրդեհի պատճառը կպարզվի Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության ուսումնասիրությունից հետո։ Հրդեհի ժամանակ գյուղ էին եկել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Վարկածներ այս պահին դեռևս չկան, հետաքննություն կիրականացվի ու հետո պարզ կլինի, թե ինչից է առաջացել կրակը»։

Գյուղացիները մասնավոր զրույցում նշում էին, որ հնարավոր է հոսանքի տատանումից լինի։ Նշենք, որ այս գյուղում հոսանքի անջատումներ պարբերաբար են լինում։

Գյուղապետ Կարապետ Արթենյանը պատմեց, որ «Պտղուք, Մուսալեռ, Արևաշատ համայքները սնվում են մի բջիջից` Փարաքար համայնքից։ Եվ եթե Մուսալեռում որևէ վթար է տեղի ունենում, ապա այս գյուղերը նույնպես հոսանքազրկվում են։ Բազմիցս դիմել եմ ՀԷՑ- ին, որ առանձնացնեն, բայց ասում են ֆինանսների խնդիր է։

Հրդեհից տուժած բնակիչներն այսօր գիշերել են բարեկամների ու հարազատների տներում, բայց վաղն արդեն չգիտեն ինչ են անելու։ Հույս ունեն, որ փոխհատուցում կտրվի։

 

 

Արմինե Գեւորգյան