Բավ է պառակտվել
02-09-2020 18:01

Նոր քրեական գործ է հարուցվել Հայաստանի նախկին ոստիկանապետի նկատմամբ

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են չարաշահումներ և հարուցվել է նոր քրեական գործ։

Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է Քննչական ծառայության մամլո ծառայությունունը, 2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածի վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ըստ 2017թ. դեկտեմբերի 19-ին հաստատված հատակագծի՝ պատրաստվող ռեպորտաժի համար իրականացվող նկարահանման վայրում՝ Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, առկա է 14 միավոր շինություն, մինչդեռ համաձայն ստացված տվյալների՝ հատակագծում նշված չէ դրանցից լճի մոտակայքում գտնվող 2 շինությունը, որոնք 28.01.2013թ. դրությամբ, ի թիվս այլ շինությունների, առկա չեն եղել: Նշված շինությունները բացակայում են նաև Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից 20.02.2017թ. համաձայնեցված կառուցապատման սխեմայում:

Բացի այդ, պարզվել է, որ դեկտեմբերի 20-ին նշված հողամասի սեփականատերը դիմում է ներկայացրել վերոնշյալ հասցեի անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման համար, որի կապակցությամբ դեկտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի աշխատակցի կողմից որոշում է կայացվել՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա է եղել անհամապատասխանություն, ինչպես նաև մի շարք շինություններ եղել են 1905 բացարձակ նիշից ցածր գոտում, մինչդեռ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի կողմից համապատասխանաբար 26.12.2017թ. և 19.01.2018թ. տրվել են տեղեկանքներ, որ այդ հասցեի վրա գտնվող հիմնական շինությունները գտնվում են 1905.0 մետր բացարձակ նիշերից վերև ընկած տարածքներում, որի հիման վրա՝ 2018թ. հունվարի 19-ին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում: 

Միաժամանակ պարզվել է, որ Դրախտիկ գյուղի վերոնշյալ տարածքում առկա պարիսպները չեն համապատասխանում կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի «Սևան ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» որոշման պահանջներին, որի համաձայն արգելվում է լողափի գոտում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով ձեռք են բերվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով և 3152 հոդվածով նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, ուստի պաշտոնեական կեղծիքների ու շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
2020-ի հուլիսի 19-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս։