Բավ է պառակտվել
30-11-2022 11:25

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի՝ յուրացման կամ յուրացմանը մեղսակցության հոդվածով։

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վ.Գ. -ի դուստրը օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:

Մասնավորապես, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ին իր դստերը նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Լ․ Է․-ն 2018 թվականի մարտի 16-ին Յ.Գ.-ին նշանակել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին։ 2018 թվականի մարտի 16-ին Վ․Գ․-ի հրամանով վերջինիս շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից նա կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, իսկ Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի հրամանով, Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները: Արդյունքում վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:

Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն:

2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Յ.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: