Բավ է պառակտվել
19-01-2023 18:26

Այրվածքաբանության կենտրոնից հայտնել են զորամասում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորված երեք զինծառայողի վիճակի մասին

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, առողջապահության նախարարի խորհրդական Կարինե Բաբայանը ներկայացրել է Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհի ժամանակ վիրավորված երեք զինծառայողների առողջական վիճակը։

«Երեք զինծառայողն էլ ունեն գիտակցություն։ Մեկը գտնվում է այրվածքային բաժանմունքում՝ համեմատաբար կայուն վիճակում՝ ոտքի վնասվածքներ ունի, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, կա շնչուղիների այրվածք։ Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ»,- ասել է լրագրողներին Բաբայանը։

Նա ընդգծել է, որ այրվածքների դեպքում ամենավտանգավորն է համարվում 3-4 օրը, երբ զարգանում է օրգանիզմի թունավորում։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ին, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կեցարանում։ Զոհվել է 15 զինծառայող, երեքը հոսպիտալացվել են տարբեր ծանրության այրվածքներով։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։