Բավ է պառակտվել
20-04-2020 19:17

Կիսախարխուլ, վթարային շենքում ապրում է 39–ը ընտանիք․ Հեղինակային նյութ (Լուսանկարներ)

 

Մալաթիա-Սեբաստիա համայնքում եմ։ Գուսան Շերամի փողոցում գտնվող հայտնի լողավազանից մի քանի մետր հեռավորության վրա խաչմերուկ կա, որից սկսվող ասֆալտե ճանապարհը քեզ տեղափոխում է այլ իրականութուն։ Սկզբում երևում են առանձնատներ, ապա «Մարս» գործարանի հսկա կառույցը, որից հետո ճանապարհը նմանվում է անապատի։ Քեզ թվում, թե հայտնվել ես մի անմարդաբնակ վայրում, բայց հեռվում կիսախարխուլ շենք է նկատվում ու լվացքի պարաններ։ Հենց լվացքի պարաններն են վկայում, որ այնտեղ մարդիկ են ապրում, որովհետեւ կարող ես նաեւ մտածել, որ լքված, ավերակ շենք է։ Պարզվում է` այնտեղ ապրում է 39 ընտանիք։ Միայնակ թոշակառուներ, բազմազավակ ընտանիքներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։

Ռոբոտների գործարանի հրշեջ դեպոյի շենքում են ապրում, որը բնակելի է դարձել 1997-1998 թթ.։ Բայց այդ ժամանակ էլ ջուր, էլեկտրաէներգիա, կոյուղի չի եղել ու բնակիչներն իրենց ուժերով որքան կարողացել պայմաններ են ստեղծել։ Այստեղ ապաստան են գտել նրանք, ովքեր ապրելու այլ տեղ չեն ունեցել:
«Երբ եկանք այստեղ ոչ մի պայման չկար, ես ուղղակի այլ տեղ չունեի մնալու։ Ստիպված մի սենյակում մնացինք, որտեղ ոչ լույս կար, ոչ կոյուղի, մենք որքան հնարավոր է մի բան արել ենք։ Անձրև որ գալիս է, 4-րդ հարկից մինչև առաջին հարկ իջնում է»․–ասում է բնակիչներից մեկը, ով երեք երեխաների հետ ապրում է մեկ սենյականոց բնակարանում։

 
Շենքի լիազոր ներկայացուցիչ Սեյրան Հայրենյանն այստեղ է եկել Սյունիքից։ Պատմում է շենքի վթարային վիճակի, խնդիրների մասին «Շենքը վերակառուցման մեծ կարիք ունի, հատկապես տանիքային հատվածը, ջուրը մինչև առաջին հարկ կաթում է, կայունացում պետք է կատարվի։ Հանրային տրանսպորտն այստեղ չի գալիս։ Մինչև կանգառ պետք է 2 կմ քայլել։ Իսկ այստեղ ապրողների հիմնական մասը թոշակառուներ են, հաշմանդամություն ունեցող անձիք, ովքեր դժվարանում են այդքան ճանապարհ կտրել ու անցնել»,–ասում է Սեյրան Հայրենյանը։
Աստիճաններով բարձրանում ենք վերեւի`4- րդ հարկ։ Մեծ զգուշություն է պետք, հատկապես, երբ միջանցքներն այնքան էլ լուսավոր չեն, իսկ գլխավերեւում հոսանքալարերի փունջն է։ Կիսամութ միջացքի վերջին բնակարանում միայնակ թոշակառու տիկին Դոնարան է ապրում։ Ամուսինն ու որդին զոհվել են արցախյան ազատամարտի տարիներին։
«Արդեն տաս տարի է ապրում եմ այս շենքում, այն ժամանակ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ասեցի, ինձ մի հատ փոքր տուն տուր, գոնե մի սենյակ, որ Եռաբլուր կարողանամ գնալ գալ, ասեց ես էլ քո նման թոշակառու եմ »,–պատմեց տիկին Դոնարան։
Տասնյակ տարիներ այս շենքի բնակիչները դիմել են պետական մարմիններին, որպեսզի ինչ- որ կերպ օգնեն ամրացնելու շենքը, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան։ Հիմա այս բնակիչներն ամենաշատն են շահագրգռված, որպեսզի արտակարգ դրությունն օր առաջ ավարտվի, քանի որ սայլը, կարծես, տեղից մի փոքր շարժվել է։ Բնակիչների ցանկությունը բնակարանները մասնավորեցնելն է, մտավախություն ունեն, թե մի օր կարող են գալ ու իրենց շենքից հանել։

 

Սեյրան Հայրենյանը ցույց է տալիս Պետական գույքի կառավարման վարչության գրությունը։ Նշված շենքի բնակեցված տարածքները բնակիչներին նվիրելու համար անհրաժեշտ է շենքը ամրացնել, որի համար պետք է դիմել Քաղաքաշինության կոմիտե։ Կոմիտեն էլ կառավարությանն առաջարկել է շենքը ներառել ՀՀ 2020-201 թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին «Բազմաբնակարան բնակելի շենքերի ամրացում- վերականգնում ծրագրում», ինչպես նաև փոխել նրա նշանակությունը` դարձնելով բնակելի։
«Այսօր ամեն ինչ Նարեկ Բաբայանի `(Պետական գույքի կառավարման վարչության պետ–խմբ) ձեռքում է, որ իրենք մեզ ինչ որ հարցում օգնեն, մենք էլ կկպնենք ու այս շենքը կվերանորգենք։ Բայց այս պահին մենք անորոշ վիճակում ենք, ոչ սեփականության վկայական ունենք, ոչ էլ շենք ենք կարողանում ամրացնել»,– ասում է շենքի լիազոր ներկայացուցիչը։ Այս շենքում, կարծես, ամենաշատն են սպասում կորոնավիրուսի նահանջին։

 

 

Արմինե Գևորգյան