Բավ է պառակտվել
26-08-2020 09:25

Գազի պայթյունից շենքի փլուզման հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

  

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Ըստ նախնական տվյալների Ռայնիսի փողոցում փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել  է,որ «Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով` ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը տղամարդ է, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրված է հայտարարությունում:
 
Երևանի  քաղաքապետն  էլ  քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել  է   պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով:

«Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»,֊հայտնել է քաղաքապետը:

Նշենոր դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ Ցոլակյանը։

 

 

Արմինե Գեւվորգյան