Բավ է պառակտվել
15-04-2021 10:39

Զբոսաշրջիկների և ՌԴ քաղաքացիների համար փոխվել է Ռուսաստան ժամանելու կարգը

Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ երկիր ժամանող զբոսաշրջիկների և վերադարձող ռուսաստանցիների համար, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Այսպես, երկիր ժամանող բոլոր զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն եռօրյա ժամկետում։

Բացի այդ, գլխավոր սանիտարական բժշկի որոշման համաձայն, արտասահմանից վերադարձող բոլոր ռուսաստանցիները պետք է պահպանեն մեկուսացման ռեժիմ իրենց բնակության վայրում։ Սահմանափակումները գործում են մինչև COVID-19-ի հայտնաբերման ՊՇՌ լաբորատոր թեստի պատասխան ստանալը։

Նոր կարգը տարածվում է արտասահմանից վերադարձած բոլոր ռուսաստանցիների վրա, անկախ տրանսպորտի տեսակից, որով հատել են սահմանը։ Ավելի վաղ նման սահմանափակումները վերաբերում էին միայն ինքնաթիռով վերադարձողներին։

Նոր կարգը մտցվել է մի շարք երկրներում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Ավելի վաղ, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ Ռուսաստան վերադարձած զբոսաշրջիների շուրջ 1 տոկոսի Ռուսաստանում հանձնած թեստի պատասխանը լինում է դրական։ Ամենամեծ խնդիրը Թուրքիան է, որտեղ վերջին շաբաթների ընթացքում հիվանդացածությունն աճել է գրեթե չորս անգամ։

Երկուշաբթի օրը Ռուսաստանի իշխանությունը որոշում է կայացրել սահմանափակել կանոնավոր և տարանցիկ օդային հաղորդակցությունը Թուրքիայի և Տանզանիայի հետ։ Սահմանափակումը կգործի մինչև հունիսի 1-ը։