Բավ է պառակտվել
22-07-2021 09:27

Ռուսաստանում այլևս պարտադիր չեն երեխաների և ամուսնության մասին գրանցումներն անձնագրերում

Ռուսաստանցիների համար այլևս պարտադիր չեն ամուսնության և երեխաների մասին գրանցումներն անձնագրում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այժմ անձնագրում պահանջվում է ընդամենը երկու դրոշմակնիք` բնակության վայրում գրանցման և զինապարտության:

Այսուհետ, ամուսնության և երեխաների մասին նշումները կարող են արվել քաղաքացիների ցանկությամբ։ Ինչպես և նախկինում, այլ ոչ պարտադիր նշումների թվում են տեղեկությունները

նախկինում տրված անձնագրերի և արտասահմանյան անձնագրերի մասին;
արյան խմբի և ռեզուս գործոնի մասին. դրոշմակնիքը կարող է դրվել պոլիկլինիկայում;
ՀՎՀՀ-ով (հարկ վճարողի հաշվառման համար) դրոշմակնքիը․ այն կարող է դրվել անձնագրում հարկային ծառայությունում։

Բացի այդ, նոր հրամանագրին համապատասխան, անձնագիրը տարիքով պայմանավորված (20 կամ 45 տարեկան դառնալուն պես) փոխելիս հին անձնագիրն ուժի մեջ է մնում մինչև նոր փաստաթղթի ստացումը, բայց քաղաքացու ծննդյան օրվանից ոչ ավելի, քան 90 օր:

Անձնագիրը փոխելու պատճառների մասին դրույթը հստակեցնում է այն դեպքերը, երբ փաստաթուղթը պետք է փոխել մաշվածության կամ վնասվածքի պատճառով: Եթե նախորդ խմբագրության մեջ ասվում էր մաշված անձնագիր օգտագործելու անհնարինության մասին, ապա կառավարությունը հստակեցնում է, թե ինչ է նշանակում վնասված լինելը. սրանք դեպքեր են, երբ վնասվածքի պատճառով հնարավոր չէ որոշել անձնագրի իսկությունը (վնասված են պաշտպանիչ տարրերը), բացակայում են տեղեկատվություն մուտքագրելու համար նախատեսված էջերը կամ դրանց մի մասը: Աանձնագիրը ենթակա է փոխելու նաև, երբ դրա մաշվածության պատճառով անհնար է տեսողականորեն հստակ կարդալ փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը կամ համեմատել լուսանկարը:

Կառավարությունը նաև կրճատել է անձնագրի ձևակերպման ժամանակը. եթե նախկինում քաղաքացուց փաստաթղթերն ընդունելուց հետո նոր անձնագիրը կարող էր տրամադրվել տաս աշխատանքային օրվա ընթացքում, ապա այժմ՝ հինգ։

Այս տարվանից Ռուսաստանում կսկսեն տրամադրել էլեկտրոնային անձնագրեր՝ էլեկտրոնային կրիչներով պլաստիկ քարտեր, որոնք պարունակում են քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ մատնահետքերը: Բացի այդ, քաղաքացին կկարողանա տեղադրել բջջային հավելված, որը կգործի որպես անձնագիր: Այս հավելվածը կարող է, օրինակ, օգտագործվել ԲՖԿ (բազմաֆունկցիոնալ կենտրոններ) այցելելիս, ոգելից խմիչքներ և ծխախոտ գնելիս, աշխատանքային պայմանագրեր կնքելիս:
Մոսկվայի բնակիչները կկարողանան էլեկտրոնային անձնագրեր ձևակերպել և ստանալ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ ամբողջ Ռուսաստանում այդ հնարավորությունը հասանելի կլինի 2023 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ: