Բավ է պառակտվել
31-07-2020 20:33

Ռուսաստանում սկսել է գործել քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը

Ռուսաստանում ուժի մեջ է մտել դաշնային օրենքը, որով պարզեցվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգն օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար․ փաստաթղթով, մասնավորապես, բացառվում է ներկայումս գործող՝ առկա քաղաքացիությունից հրաժարվելու պահանջը և կրճատվում է քաղաքացիություն ստանալու համար Ռուսաստանում բնակվելու ժամկետը:

Նախկինում օրենսդրությունը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմումատուին պարտավորեցնում էր դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմնին` առկա քաղաքացիությունից հրաժարվելու միաժամանակյա հայտարարությամբ:

Նոր օրենքով վերացվել է նախքան ՌԴ քաղաքացիության դիմելը երեք տարի Ռուսաստանում գտնվելու պահանջն, ինչպես նաև եկամուտների օրինական աղբյուրի առկայության հաստատումը քաղաքացիություն չունեցող, ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող չափահասների համար, ովքեր բնակվել և բնակվում են նախկին ԽՍՀՄ երկրներում, բայց չեն ստացել այդ պետությունների քաղաքացիություն։

Նույն կանոնը տարածվելու է ռուսաստաբնակ այն օտարերկրացիների վրա, ովքեր ամուսնացած են ՌԴ քաղաքացու հետ և այդ ամուսնությունում ունեն ընդհանուր երեխաներ և այն օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկն ունի Ռուսաստանի քաղաքացիություն և բնակվում է Ռուսաստանում:

Բացի այդ, պարզեցվել է ՌԴ քաղաքացիության դիմելու ընթացակարգը նաև Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար․ նրանք կարող են դիմել, չպահպանելով Ռուսաստանում բնակվելու պարտադիր ժամկետը՝ գործող կացության թույլտվության առկայության դեպքում:

Բացի այդ, Ռուսաստանի համալսարանների շրջանավարտների համար ՌԴ աշխատանքային փորձ ունենալու ժամկետը կրճատվել է երեք տարուց մինչև մեկ տարի: