Բավ է պառակտվել
12-11-2016 16:35

Վիգեն Սարգսյան. Մարզված և սպորտային զինծառայողը ԶՈՒ-ի մարտունակության գրավականն է

Մարզված և սպորտային բարձր ցուցանիշներ գրանցող զինծառայողը զինված ուժերի մարտունակության գրավականն է: Փաստել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով այսօր բանակի կենտրոնական մարզական ակումբում ներկա է եղել ՀՀ ԶՈՒ համաբանակային 17-րդ սպարտակիադայի փակման միջոցառմանը:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նոյեմբերի 7-ից 12-ն անցկացված համաբանակային սպարտակիադայի ընթացքում զինված ուժերի զինծառայողները մրցել են հրաձգություն, ռազմամարզական քառամարտ, ռազմամարզական եռամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, բազկամարտ և կշռաքարերի բարձրացում մարզաձևերում։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ռազմամարզական միջոցառմանը մասնակցել են նաև ՊԲ զինծառայողները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սպարտակիադայի նպատակն է առավել բարձրացնել զինծառայողների ֆիզիկական պատրաստության և մարզական վարպետության մակարդակը, բացահայտել բանակի լավագույն մարզիկներին, որոնց հենքի վրա էլ ձևավորվում են ՊՆ հավաքական մարզական թիմերը: Թիմեր, որոնք տարիներ շարունակ միջազգային ամենատարբեր հարթակներում իրենց փայլուն հաղթանակներով ծածանում են հայկական եռագույնը:
Համաբանակային սպարատակիադայի դրոշի հանդիսավոր իջեցման պատիվը վերապահվել է ավագ լեյտենանտ Սասուն Վարդանյանին, ով ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում իր ստորաբաժանման կազմով դիմակայել է հակառակորդի առաջխաղացմանը և լռեցրել հրետանային ստորաբաժանումների կրակը, ինչպես նաև վնասազերծել է հակառակորդի ուղղաթիռը և այն վթարային վայրէջքի հարկադրել:

Միջոցառումը եզրափակվել է առանձին մարզաձևերում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների և ընդհանուր թիմային հաշվարկով հաղթող ճանաչված թիմերի պարգևատրման արարողությամբ: Ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային գավաթների են արժանացել երրորդ հորիզոնականը զբաղեցրած Երևանի կայազորի զորամասերի հավաքականը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հավաքականը և պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրած ՊՆ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմը: