Բավ է պառակտվել
18-12-2020 12:56

Շիրակում անհանգիստ է, գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի մայրուղին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտադիր է հանդիպել Ղարաբաղում գերի ընկած կամ անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ:

Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստանի հյուսիսում գտնվող Շիրակի մարզում, որտեղ բնակիչները փակել են Եևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել Ղարաբաղում գերեվարվածների և անհայտ կորածների մասին:

Վերջերս Ղարաբաղի Հադրութի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումների ընթացքում, գերեվարվել են մի խումբ շիրակցիներ: Մինչ այժմ նրանց մասին ոչինչ հայտնի չէ, ինչի պատճառով հարազատները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Այս պահին փակված է ավտոճանապարհը Հոռոմ գյուղի մերձակայքում: Նախատեսվում է նման բողոքի ցույց կազմակերպել Քեթի գյուղի մոտակայքում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտադիր է հանդիպել ցուցարարների հետ:

Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Արթիկ-Երևան ճանապարհին: Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը՝ պահանջելով, որ իշխանությունները հետևողականություն ցուցաբերեն լուծելու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում գերեվարված կամ անհայտ կորած Շիրակի բնակիչների հարցը:

Շիրակի մարզի ոստիկանության ներկայացուցիչները փորձում են ապաշրջափակել ճանապարհը, բայց մինչ այժմ նրանց դա չի հաջողվել: Ցուցարարները ոստիկանությանը հրավիրում են միանալ իրենց: Ակցիայի վայր է ժամանել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նշենք, որ, խախտելով Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անցյալ շաբաթ հակառակորդը հարձակվեց Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վրա, որոնք մնացել էին հայկական ուժերի վերահսկողության տակ: Հարձակման արդյունքում հայ զինվորականները հայտնվել են շրջափակման մեջ: Ղարաբաղի Պաշտպանության բանակի տվյալներով՝ շուրջ 73 մարդու ճակատագիր դեռ անհայտ է: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, տեղեկատվություն է ստացվել, որ ռուս խաղաղապահների կողմից հայտնաբերվել և Ղարաբաղի բանակի հրամանատարությանն է հանձնվել 9 զինծառայողի մարմին: