Բավ է պառակտվել
13-10-2022 14:25

Հայաստանի ԱԱԾ-ն նախաձեռնել է քրեական վարույթ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության գործով մամուլում հայտնված հրապարակումների կապակցությամբ

Հայաստանի ԱԱԾ-ն արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներին առ այն, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության համար օգտագործված պայթուցիկները գաղտնի տեղափոխել են ՀՀ քաղաքացու վարած բեռնատարով։ Նա, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստան է մտել արտերկրից, որից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

ԱԱԾ մամլո կենտրոնից հայտնում են, որ ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ։ Դրանց արդյունքների մասին ԱԱԾ-ն, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ կտրամադրի հանրությանը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր Հայաստանի քաղաքացու, ինչպես նաև Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության մասին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով։ ԱԴԾ-ն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ։

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է հետևողական աշխատանք տանել հրապարակված տեղեկատվության հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու համար՝ օգտագործելով օրենքով նախատեսված գործիքակազմն, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտը։

ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն (որը վերահսկում է մաքսային և հարկային ոլորտը) հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԴԾ վարկածով հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի մաքսազերծման և այլ փաստաթղթերի ձևակերպման ընթացքում խախտումներ չեն եղել։ Գերատեսչությունը հրապարակել է այս բեռնատարի՝ Հայաստան մուտքի և հանրապետությունից ելքի երթուղու նկարները և նկարագրությունը։