Բավ է պառակտվել
19-12-2019 19:30

Երևանում “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն ներխուժելու դեպքով քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել “Ժողովուրդ” թերթի խմբագրության վրա հարձակման դեպքով, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը անհայտ անձինք մուտք են գործել “Ժողովուրդ” թերթի խմբագրություն և տակնուվրա արել գրասենյակը: Թերթի սեփականատեր, “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և խմբագիր Քնար Մանուկյանը կարծում են, որ սա նախազգուշացում էր՝ կապված լրատվամիջոցի գործունեության հետ։ Նրանք նշում են, որ սա գողության փորձ չէր, քանի որ արժեքավոր իրեր չեն գողացել:

“Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 00:30-ից մինչև 10:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է խմբագրության պատշգամբի լուսամուտը, ապօրինի մուտք գործել ներս և փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել”,- նշված է հաղորդգրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (Գողության փորձ) և 164-րդ հոդվածի 1-ին մասի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու) հատկանիշներով, Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: