Բավ է պառակտվել
09-10-2019 20:07

Իմ աշխատանքային կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել․Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով ստվերի դեմ պայքարին, արձանագրեց, որ այնտեղ կան և՛ լավ, և՛ վատ նորություններ;
Լավն այն է, որ արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարիներին ընդունված զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0,3 տոկոսի շարժ ունենա, ապա դա կհամարվի լավագույն հաջողություն:
«Այս տարվա կանխատեսումներով մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1, 2 տոկոսով: Իհարկե տարվա կտրվածքով գուցե այս ցուցանիշը փոփոխություններ կրի, չգիտեմ, բայց կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ ցուցանիշներ ունենք»,-ասաց վարչապետը:
Բայց, ըստ վարչապետի, վատ նորություններ էլ կան, և դրանք վերաբերում են վարքագծային կոմպոնենտին: «Այստեղ ասվեց, որ վարքագիծը երբեմն շատ դժվար է լինում փոխել, բայց մյուս կողմից էլ այդ վարքագծի փոփոխությունը երևի պետք է ընդունենք առանց դիմադրելու, որ ժամանակ պետք է տանք»,- ասաց Փաշինյանը:
Նա բերեց Գյումրիի օրինակը՝ նշելով, որ անկախության այս տարվա տոնակատարություններն անցկացվեցին Գյումրիում, քաղաք այցելել է 15 հազար մարդ: «Նրանք, ովքեր այդ օրերին եղել են Գյւոմրիում, կարող են վկայել, որ ռեստորաններում ու սրճարաններում ընդհանրապես տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար: Եվ ինձ համար հետաքրքիր էր, ասացի՝ հետաքրքիր է՝ սեպտեբերի 21-ին Գյումրիում առևտուրն ինչ շարժ է արձանագրել: Եվ ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց՝ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել է նույն չափի, ինչքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է: Այդ օրը Գյումրիի մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինը ոչ մի բան չի անելու, ոչ ռեյդ է լինելու, ոչ մի բան չի լինելու»,- նշեց նա:
Վարչապապետը նաև նշեց, որ իր ղեկավարման շրջանում խոսել է տարբեր գործատուների հետ և հստակ խնդիր է դրվել, որ կա աշխատուժի խնդիր, այսինքն՝ կան թափուր աշխատատեղեր, որտեղ չեն կարողանում համալրել, ընդ որում խոսքը վերաբերում է ինչպես բարձր, այնպես էլ միջին ու որակավորում չպահանջող մասնագետներին:
Փաշինյանը շեշետում է,որ պետք է փոխել քամահրական վերաբերմունքը ինչ–որ աշխատանքի նկատմամբ. «Կա նաեւ դիտարկում, որ մեր շատ հարգելի քաղաքացիներ նախընտրում են, օրինակ, Ռուսաստանում աչքից հեռու անել մի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, բայց իրենց գյուղում խաղող հավաքելու համար աշխատանքի համար չգնալ, չընդունվել։ Սա վարկած է, գուցե ես սխալվում եմ, սակայն այստեղ կա որոշակի վարքագծային տրամաբանություն։ Ընդ որում, գուցե դրա մեջ միայն իրենք չեն մեղավոր, այլ բոլորը, որոնք վատ են վերաբերում ինչ–որ աշխատանքի։ Որեւէ մասնագիտության չպետք է քամահրանքով վերաբերել։ Ենթադրենք մարդը գնացել, տաքսի է վարում, չի կարելի քամահրական վերաբերմուքն դրսեւորել տաքսու վարորդի, բանվորի նկատմամաբ։ Ես հարգանքով եմ վերաբերում աշխատանքով զբաղվող ցանկացած մարդու։ Իմ աշխատանքային կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել եւ շատերը այստեղ ներկաներից տարբեր աշխատանքներ են կատարել»,–ասաց Փաշինյանը։

 

Արմինե Գևորգյան