Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել հանրապետության երեք մարզում 20 կրթական կենտրոն կառուցելու որոշմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է 396,6 մլն դրամի չափով (ավելի քան 1 մլն դոլար)՝ բյուջետային միջոցների վերաբաշխում Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 20 դպրոց և կրթական կենտրոն կառուցելու նպատակով։
Այդ միջոցները կհատկացվեն նախագծային նախահաշիվների կազմմանը։ Միաժամանակ նախարարը հայտնեց, որ գումար խնայելու նպատակով որոշ դեպքերում կօգտագործվեն արդեն իսկ գործող նախագծերը, որոնք կհարմարեցվեն կոնկրետ պայմաններին։
Բացի այդ, որոշ դպրոցներում նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում այս տարածքներում կգործի 42 ժամանակակից ուսումնական հաստատություն։