Բավ է պառակտվել
28-04-2020 19:55

Բուհերում բանավոր ընդունելության քննություններ չեն լինի․ ԿԳՄՍ

Հեռավար եղանակով ուսուցումը շարունակելու ենք մինչև ուստարվա ավարտը, բացթողնված դասերը կլրացվեն հաջորդ ուսումնական տարում: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունը քննարկում է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին շաբաթ օրերին դասեր կազմակերպելու և նոր ուստարին մեկ շաբաթ ավելի վաղ սկսելու հարցը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդներն այս տարի կհանձնեն մեկ քննություն, միասնական քննությունների ցանկը կհայտարարվի ապրիլի 30-ին և կհրապարակվի ըստ մասնագիտությունների քննությունների ցանկը, ողջ տեղեկատվությունն էլ հասանելի կլինի heravar.armedu.am կայքում:

Հարցին՝ նախարարի վերջին ուղիղ եթերը մի շարք հարցեր է առաջացրել, կոնկրետ դպրոցների վերաբերյալ որոշում կայացնելիս՝ նախարարությունն արդյոք լսե՞լ է ուսուցիչների ու տնօրենների կարծիքները, թե՞ դա եղել է այսպես կոչված՝ աշխատասենյակում կայացրած որոշում, նախարարի տեղակալը պատասխանեց. «Բոլոր խնդիրները երկար ժամանակ քննարկվել են նախարարությունում, եւ տեղի է ունեցել ոչ մեկ քննարկում: Հնարավորինս հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, բոլոր կողմերի դեպքում առաջացող խնդիրները:

Ընդունելության մեկ քննությունը, ըստ նրա, կազմակերպվելու է համավարակի կանխարգելման բոլոր կանոնների պահպանմամբ: Այն տեղի կունենա հուլիսի առաջին տասնօրյակում, իսկ բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում:
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դիպլոմային աշխատանքներ և քննություններ չեն լինելու նաև բուհերում, ամփոփումը կիրականացվի ինչպես դպրոցական ավարտականների պարագայում, դիպլոմները կհանձնվեն մինչև հունիսի 5-ը: Մագիստրատուրայի ընդունելության ժամկետները հունիսի 16-30-ն են, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը:
Լրագրողի դիտարկմանը արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ արած մանկավարժը՝ Լիճք գյուղից, իրավունք ունի՞ շարունակելու իր աշխատանքը երեխաների հետ, ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատասխանեց. «Բռնության կոչերը համարում եմ անթույլատրելի: Այս միջադեպի առնչությամբ մարզպետարանի հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, նաեւ գիտեմ, որ մարզպետարանն է փորձել որոշակի քայլեր ձեռնարկել: Մենք նախարարության կողմից դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական տրվի»:

Հիշեցնենք,որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի հայոցի լեզվի եւ գրականության ուսուցիչ Աշոտ Հոխիկյանը ֆեյսբուքում գրառում է կատարել. «Վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ իրենց եւ իրենց ընտանիքը առնել ու մորթել»:

 

 

Արմինե Գևորգյան