Բավ է պառակտվել
18-06-2019 16:58

Վահե Գրիգորյանն ընտրվել է Հայաստանի ՍԴ անդամ։ Ընդդիմությունն առարկում է

Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի կայացած նիստում Վահե Գրիգորյանին ընտրել է Սահմանադրական դատարանի նոր անդամ։

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 122-ը։ Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

“Հայաստանի դատական համակարգում Սահմանադրական դատարանն ամենից շատ է քննադատության ենթարկվել։ Հետագա քննադատությունն ամենաանօգտակար գործն է, հատկապես, եթե չկա գործողությունների կոնկրետ ծրագիր ՍԴ նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար”,-ասել է Գրիգորյանն իր ելույթի ընթացքում։

Թեկնածուն նաև նշել է Սահմանադրական դատարանի թուլությունն ընտրությունների ընթացքում և դրանցից հետո վիճելի իրավիճակները քննելու հարցում։

Նա նաև ներկայացրել է Սահմանդրական դատարանի ձևավորման իր պատկերացումը։

“Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է լինի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ սփյուռքից”,- ասել է Գրիգորյանը։

Պատասխանելով պատգամավորի հարցին, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուն չի թաքցրել, որ ընկերներ ունի “Իմ քայլը” իշխող խմբակցությունում։

“Ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, միավորումներում։ Այստեղ տարօրինակ ոչինչ չկա”,-ասել է Գրիգորյանը։

Առաջադրված թեկնածուի հասցեին քննադատությամբ հանդես են եկել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, նշելով, որ Գրիգորյանի առաջադրումն, առաջին հերթին քաղաքական քայլ է։ Մասնավորապես, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ “եթե սահմանադրական դատարանի անդամն ընտրվում է քաղաքական նկատառումներով՝ նա չի կարող ծառայել այդ քաղաքական ուժին”։

Պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել Գրիգորյանի այն հայտարարության վրա, որ ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ ընկերացել է բանտերում։

“Դուք ասում եք, որ ծանոթացել եք բանտում, օգնել եք միմյանց։ Լսեք, եթե բանտի պայմաններում օգնած անձը դիմի ձեզ, օգնություն խնդրի, դուք կմոռանա՞ք բանտում անցկացրած օրերն ու օբյեկտի՞վ կլինեք”,- հարց է տվել Պետրոսյանը։

Լրագրողների հետ զրույցում “Լուսավոր Հայաստան” խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանն, իր հերթին, հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ներսում դանդաղ աշխատող ռումբ է դրվում։

“Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մինչ այժմ ներկայացվում էին քաղաքականապես նեյտրալ թեկնածուներ, որոնց “Իմ քայլը” խմբակցությունը մերժեց՝ տարբեր հարցեր տալով։ Այսօր մենք տեսանք, որ նրանք ի սկզբանե դրական էին տրամադրված”,-ասել է Գորգիսյանը։

Գրիգորյանի պաշտպանությամբ ելույթ է ունեցել “Իմ քայլը” խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նշելով, որ Սահմանդրական դատարանի անդամ ընտրում է քաղաքական մարմինն, ուստի սա քաղաքական որոշում է։

2019թ․մայիսի 29-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի թեկնածուի ընտրությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավորները փակ քվեարկությամբ մերժել են նախագահի առաջադրած՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավունքի և պատմության տեսության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Վաղարշյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնի երրորդ թեկնածուն էր, ով առաջադրվել էր նախագահի կողմից: Մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ցանկանում են տեսնել Վահե Գրիգորյանին:

2019 թ. մայիսի 31-ին նախագահը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածություն, ում նախորդ վեցերորդ գումարման Ազգային Ժողովը մերժել էր անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին: Հայկական ԶԼՄ-ների տվյալներով, ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է նրան տեսնել այդ պաշտոնում, քանի որ նա է եղել տուժող կողմի ներկայացուցիչը մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հայաստանի Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը չի կարող քաղաքական չլինել։