Բավ է պառակտվել
15-07-2018 20:41

Վահագնի թաղամասում գտնվող իր առանձնատունը քանդելու մասին-Սեյրան Օհանյան

«Մարտի 1-ի» գործով հարցաքննված Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Երեկ գրվեց այն մասին, որ նա քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը, քանի որ մտավախություն ունի, թե այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման կենդանի ապացույց:

Այն հարցին՝ արդյոք քանդում է իր առանձնատունը, ինչպես գրվել է, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Նման բան չկա, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»։ Ճշտող հարցին, իսկ հնարավոր է՝ Վահագնի թաղամասում գտնվող այդ առանձնատանն իրականացվում են շինարարական աշխատանքներ, ինչն էլ, գուցե, շփոթի տեղիք է տվել, Պաշտպանության նախկին նախարարը նյարդային և շատ կտրուկ արձագանքեց․ «Ո՛չ, նորից եմ ասում, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»։

Նախկին նախարարն անջատեց հեռախոսը ՝ կանխելով հաջորդ հարցը, որը վերաբերում էր Սևանում գտնվող նրա առանձնատանը։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն ավելի վաղ ասել էր, որ Վահագնի թաղամասում ապրում է վարձով, իսկ այդ տարածքում իրեն հողակտոր է նվիրել Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանը։

Հավելենք, նաև, որ Վահագնի թաղամասում առանձնատների ամսական վարձը սկսվում է 3000 դոլարից։