Գնա ընտրության
26-05-2026 16:08

Ռուբեն Վարդանյանը Բաքվից զգուշացնում է․ Հայաստանը «վիլայեթ» դառնալու վտանգի առաջ է

Բաքվի բանտից, որտեղ նա արդեն երրորդ ծննդյան օրն է անցկացնում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով տագնապալի ուղերձ է փոխանցել։ Նա պնդում է, որ Հայաստանը, Եվրամիություն-Ռուսաստան ընտրության և բանավեճի պատճառով, վտանգի տակ է հայտնվելու մեկ այլ ուժից կախվածության մեջ՝ դառնալով Թուրքիայի և Ադրբեջանի «վիլայեթ»։

«Ե՛վ տնտեսական, և՛ նյութական, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով և ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որ արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկվեն քայլ առ քայլ, և եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ մենք բոլորս պիտի հասկանանք՝ եթե մենք ոչ մի բան չանենք, դա իրականացվելու է շատ արագ», - հայտարարում է Վարդանյանն իր ուղերձում։

Սակայն Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանի յոթ րոպեանոց ուղերձից պարզ չէ, թե ինչպես է Հայաստանը կոնկրետ «վիլայեթ դառնալու»։ Նա չի հիմնավորում, թե արդյոք զգուշացնում է արտաքին առևտրում Թուրքիայի ու Ադրբեջանի մասնաբաժնի զգալի ավելացման մասին, թե կարծում է, որ թուրքական ներդրումները Հայաստանում գերակշռող կդառնան։ Ռուսաստանում բիզնես հաջողությունների հասած, ապա քաղաքացիությունից հրաժարված ու Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը չի մանրամասնում իր տնտեսական մտահոգությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտուրը տասնամյակներից հետո վերսկսվեց անցած տարեվերջին։ Թեև այն դեռևս միակողմանի է, և միայն Հայաստանն է Ադրբեջանից ապրանք՝ մասնավորապես վառելիք ներկրում, դրա ծավալները Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի մեջ չնչին են։ Իսկ Թուրքիան, ըստ էության, նախորդ տասնամյակների ընթացքում որևէ օրենսդրական արգելք չի ունեցել Հայաստան ապրանք արտահանելու կամ այստեղ ներդրումներ կատարելու համար։ Դեռ մինչ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանը Թուրքիայից տարեկան ավելի քան 200 միլիոն դոլարի ապրանք էր ներկրում։

«Եվ դա շատ մեծ վտանգ է, որ եթե չփոխենք մեր պահելաձևը, մեզ սպասում է ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, այլ Թուրքիայի վիլայեթ դառնալը», - պնդում է Վարդանյանը։

Ավելի քան 3.5 տարի ազատությունից ու հարազատներին տեսնելուց զրկված ու Բաքվի իրավական համակարգի ապօրինությունների մասին շարունակ ահազանգող Ռուբեն Վարդանյանը մայիսի 28-ին Առաջին Հանրապետության օրվա առթիվ ռազմական շքերթի անցկացումը համարում է «անբարոյականություն»։ Նա ընդգծում է, որ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայ զինվորականները Բաքվի բանտերում են և զրկված են նույնիսկ ամենատարրական մարդկային կարիքներից՝ հարազատներից գեթ մեկ նկար, նամակ կամ հագուստ ստանալու հնարավորությունից։

«Դա անբարոյական է, այս վիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ, և դա ոչ մի ձև չի թողնում ինձ հանգիստ... Ուրիշ բան է, երբ դա որևէ ձևով չի կազմակերպված Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչ մի բան, որ էդ մարդիկ գոնե զգան, որ իրենց թիկունքում կանգնած է պետությունը», - հայտարարել է նա։

Շաբաթներ առաջ էլ Վարդանյանը Հայաստանի ՄԻՊ-ին էր դիմել՝ խնդրելով այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու ապահովել հարազատների հետ տեսակցությունները։ Դիմումը դրական արձագանք չստացավ. Անահիտ Մանասյանը պատասխանեց, թե ինքը միայն Հայաստանում լիազորություններ ունի։ Իշխանություններն, իրենց հերթին, վստահեցնում են՝ Բաքվում պահվող 19 հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ամեն օր են աշխատում, և քանի դեռ կոնկրետ արդյունք չկա, այդ մասին չեն բարձրաձայնում։

Վարդանյանը նաև իր բանտային առօրյայով է կիսվել՝ պատմելով, որ անցնող տարիների ընթացքում շատ ժամանակ է հատկացրել ընթերցանությանը։

Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին. «Ծառուկյանը չի իջնելու էդ մակարդակին»
ՔՊ հավաքներ. «Պատահական» քաղաքացիներին արգելված է. իշխանությունը կիրառում է վարչական ռեսուրս
Արման Թաթոյանը հերքում է Փաշինյանի հետ դաշինքը՝ դատապարտելով կեղծ քարոզչությունը և հայտարարելով «կարմիր գիծ»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է անում մասնակցել ընտրություններին՝ ազգային վերածննդի և միասնության համար
Դատախազությունը հանցակազմ չի տեսնում Փաշինյանի կոշտ արտահայտություններում. Քաղաքական բանավեճերը և արտաքին մարտահրավերները