Բավ է պառակտվել
04-01-2021 23:05

Վազգեն Մանուկյանը կոչ է անում Հայաստանում ստեղծել ինքնապաշտպանական ստորաբաժանումներ

Ընդդիմությունից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց երկրում պաշտպանական ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Gisher.News-ը մեջբերում է Մանուկյանի հայտարարության ամբողջական տեքստը, որը տեղադրված է «Հայրենիք փրկության շարժման» ֆեյսբուքյան էջում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր կորուստները շարունակվում են: Այժմ հերթը հասել է Շուռնուխին:
1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, և մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության պաշտպան չեն հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսվեցին կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինվել և իրենց ձեռքը վերցնել հայ բնակչության պաշտպանությունը:
Դրանից հետո մենք անցանք մեծ ճանապարհ. ունեցանք անկախ պետություն, ստեղծեցինք մարտունակ բանակ, գրանցեցինք փայլուն հաղթանակներ: Բայց այժմ հայտնվել ենք նույն վիճակում:
Փաստորեն այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը:
Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին իր ամուլ իշխանությունը երկարաձգելու համար:
Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը:
Մենք կփոխենք այս ապիկար և մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին: Այն ռազմական ուժը, որ ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, նորից կկարողանա երաշխավորը լինել մեր անվտանգության: Բայց դա ժամանակ է պահանջում, և այդ ընթացքում մենք անընդհատ նոր կորուստներ ենք ունենում, սեղմվում են մեր երկրի սահմանները, անպաշտպան են մնում մեր սահմանամերձ բնակավայրերն ու բնակիչները:
Այս պայմաններում կարևորում եմ, որ մեր երիտասարդները, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը, ծանր պատերազմների միջով անցած մեր վետերանները նորից կազմավորեն պաշտպանական ջոկատներ, բանակցեն և համագործակցեն խաղաղապահ զորքերի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի մեկնաբանությունների ու իրականացման շրջանակներում (այն, ինչ չեն անում ՀՀ պետական կառույցները) և պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին և մեր ժողովրդի անվտանգությանը:
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
04.01.2021թ.

Ընդդիմությունը որոշել է ով է լինելու փաշինյանին փոխարինող թեկնածուն
«Ծնկի իջած ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից»․ Վազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյանի հարցազրույցը
Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ. Վազգեն Մանուկյան
«Հայաստանն ամեն օր փոքրանում է». ընդդիմությունը ժողովրդին հրավիրում է Ազատության հրապարակ