Բավ է պառակտվել
04-03-2021 14:06

Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, ընտրվել է խափանման միջոցը

Հինգշաբթի Քննչական կոմիտեում հարցաքննվել է «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը, ժամանակավոր վարչապետի պաշտոնի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել 2021 թվականի փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներում արված հայտարարությունների կապակցությամբ:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործը հարուցվել է Մանուկյանի ՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հանրային կոչերի ակնհայտ դեպքերի կապակցությամբ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: