Բավ է պառակտվել
23-12-2020 17:29

Երեկ Որոտանում թուրքը եկել ու 5 հոգանոց ընտանիքին 1 ժամ ժամանակ է տվել տունն ազատելու համար․ Քաջարանի քաղաքապետ

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ անհասականալի է, թե ինչու են հրավիրել հարցաքննության։
«Ցավալին այն է, որ այսօր մարտական դիրքերը թողել եմ, որովհետև կանչել են հարցաքննության։ Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապանդում։ Այս իշխանություններին հերոս տղաներ ունենալը ձեռք չի տալիս, այսօր մենք մտահոգված ենք երկրի սահմանների պաշտպանությամբ, բայց եկեք տեսեք, թե իրենք ինչով են զբաղված», - Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Նա նշեց՝ հստակ չի կարող ասել, թե ինչ գործի շրջանակներում է կանչվել Քննչական կոմիտե։
Նա նշեց, որ սյունեցիներն այսօր իշխանությունից ընդամենը պահանջում են անվտանգություն ու ապահով կյանք։ «Մենք ուրիշ բան չենք ուզում, պաշտո՞ն ենք ուզում, աթո՞ռ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում։ Ասում ենք՝ ապահովեք մեր անվտանգությունը, որ ապրենք խաղաղ երկնքի տակ։ Մեր մարտական դիրքերից քոչվոր ցեղերի նման տշում են ըստեղ-ընդեղ։ Էն դիրքերը, որոնք մենք թողեցինք, մենք ցավ ապրեցինք»,- նշեց նա։

Փարամազյանն ասաց, որ իրենց պահանջն անփոփոխ է՝ պահանջում են վարչապետի հրաժարականը։ «Նախ, վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ։ Պատերազմը 44 օր տևեց, տունդ շինվի։ Լավ, 8 օր, 10 օր պատերազմ եղավ, մնացածը՝ նահանջ, նահանջ։ Մինչև այսօր առանց կրակոցի թուրքը առաջ է գալիս։ Սա բերելու է թշվառության, պանդխտության, գաղթի։ Սա է ուզում էս իշխանությունը։ Բայց ես նորից եմ ասում՝ սյունեցին անկոտրում է, դուխը սյունեցու մեջ է, մենք ուզում ենք ապահով ու խաղաղ ապրենք։ Մեր ասածն այն է՝ բերեք ազատեք ձեր պաշտոնները, թող կարող ուժեր գան»,- հայտարարեց Քաջարանի քաղաքապետը։

Նա ասաց, որ այսօր ժողովուրդը վախով է ապրում, Սյունիքում ճանապարհներն անվտանգ չեն, մարդիկ այլընտրանքային ճանապարհներով են երթևեկում: «Թուրքը եկել, հասել է մեր թքի տակ, տան առաջ, մնում է ծեծեն դուռն ու ասեն՝ դուրս եկեք: Երեկ Որոտանում թուրքը եկել ու 5 հոգանոց ընտանիքին 1 ժամ ժամանակ է տվել տունն ազատելու համար: Մարդն իր երկրում ապահով չի: Մեր պայքարը հենց սրա համար է՝ անվտանգության գոտի ստեղծենք: Հիմա բերել, հասցրել ենք թշնամուն Կապան»,- ասաց Մանվել Փարամազյանը։

Արմինե Գևորգյան