Բավ է պառակտվել
15-07-2019 14:25

Վենետիկի հանձնաժողովը քննադատաբար է արտահայտվել վեթինգի և ՍԴ ղեկավարի մասին

Հայաստանի Արդարադատության Նախկին նախարար, Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր Facebook- ի էջում երկուշաբթի հրապարակել է էջեր փաստաթղթից, որոնք պարունակում են Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի արդյունքները և Հայաստանում դատական բարեփոխումների խնդիրներին առնչվող նյութեր:

Վեթինգ կլինի՞

Հրապարակված փաստաթղթոմ անդրադարձ է արվել վեթինգի անցկացմանը, ինչը վերջին օրերին հայկական հասարակությունում ամենաքննարկվող թեմաներից է։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվել վարչապետի գործողություններին, ով մայիսի 20-ին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և գործող նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելուց հետո կոչ արեց իր կողմնակիցներին արգելափակել դատարանների մուտքերը։

Փաստաթղթում ասված է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը (Ջանի Բուքիքիո՝ խմբ) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունել է, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն պնդել, որ “բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան”:

Նշված է նաև, որ այս կապակցությամբ իշխանությունների հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ բարձրաստիճան պատվիրակություն` քննարկելու դատաիրավական բարեփոխումները:

“Համաձայնություն է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Այդ նպատակով Հայաստանի Դատական օրենսգրքում մինչև հուլիսի վերջը պետք է արվեն փոփոխություններ”,-ասված է փաստաթղթում։

Հանձնաժողովն ընդդեմ Գրիգորյանի

Փաստաթղթում անդրադարձ է արված նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությանը։ Հանձնաժողովը քննադատական գնահատական է տվել դրան։

Հունիսի 20-ին նորընտիր դատավորն Ասգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ ղեկավարի իրավասությունները։ Ըստ նրա դիրքորոշման, որոշում կայացնելու իրավունք ունեն միայն այն դատավորները, ովքեր ընտրվել են սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո (ըստ 2017թ դեկտեմբերի հանրաքվեի արդյունքների)։ Քանի որ այդպիսիք են միայն նա և դատավոր Արման Դիլանյանն, ով այդ պահին բացակայում էր քաղաքից՝ Գրգորյանը հայտարարել է, որ երդում տալուն պես ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները։
“Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, հստակ և աներկբա սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը”,-նշված է փաստաթղթում:

Միաժամանակ, Վենետիկի հանձնաժողովն իր անհանգստությունն է հայտնել գործադիր իշխանության գործողությունների կապակցությամբ։
“Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ”,-հայտարարել է հանձնաժողովը։