Բավ է պառակտվել
30-10-2019 16:13

Հայաստանի Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունում է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը

Գերագույն հոգևոր խորհուրդն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը դիտարկում է որպես կարևոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և սուրբ նահատակների հիշատակը հարգելու համատեքստում:

Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներն ընդունել են թիվ 296 բանաձևն, ըստ որի նրանք ճանաչում և դատապարտում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթին աջակցել է 405 կոնգրեսական, 11-ը դեմ է քվեարկել, երեքը մնաացել է ձեռնպահ:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, այս մասին նշվել է չորեքշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողովում ։
ԳՀԽ անդամները նաև իրենց գնահատանքն են արտահայտել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրում հասնել այս կարևոր նպատակին:
Գերագույն հոգևոր խորհուրդը հույս է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունները նույն արդարամտությամբ կշարունակեն ջանքեր ներդնել` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և աշխարհում նման ոճրագործությունների կանխարգելման։