Բավ է պառակտվել
16-11-2020 12:23

«Վերադարձրե՛ք Հադրութը»․ ակցիա նախագահական նստավայրում

«Վերադարձրե՛ք Հադրութը»,- այս պահանջով այսօր հադրութցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ նախագահական նստավայրի մոտ։ 
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք շարունակում են իրենց մտահոգությունը հայտնել՝ ամոթալի պայմանագրի շուրջ, և այժմ ցանկանում են նամակ ներկայացնել ՀՀ նախագահին. նամակում  ընդամենը չորս պահանջ կա։

«Առաջին, մենք պահանջում ենք

1. քննության առնել Հադրութի դեօկուպացիայի խնդիրը, 

2. ջանքեր գործադրել, որպեսզի խնդրի լուծումը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, և անպայման բոլոր նախագահների մասնակցությամբ խնդրի հանգուցալուծում տեղի ունենա,

3. սկսել իրավական գործընթաց՝ տեղահանվածների իրավունքները վերականգնելու և նրանց որոշակի փոխհատուցումներ տրամադրելու համար և

4. մինչ այդ ամենի տեղի ունենալն այս ընթացքում անպայման ջանքեր գործադրել Հադրութի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները պահպանելու իմաստով»,- ներկայացրեց ակցիայի մասնակիցը։

Մեկ այլ արցախցի նշեց, որ իրենք իրենց տների դռներն անգամ գիշերը չեն կողպել, երեխաները միշտ ազատ խաղացել են բակերում, իսկ այժմ իրենք չեն կարող ազատ ու անվախ ապրել իրենց Արցախում.
«Ի՞նչ է նշանակում Շուշին թողնել նրանց, ստեփանակերտցին Ստեփանակերտում ո՞նց ապրի: Ի՞նչ խաղաղապահ զորք, նրանք հո չե՞ն հսկելու յուրաքանչյուր ընտանիքի անվտանգությունը: Նախագահ Արայիկ Հարությունյանը, որը չգիտեմ՝ ո՞ւմ նախագահն է, ո՞ր երկրի, ո՞ր քաղաքացու նախագահն է, հայտարարում է՝ վերադարձեք Արցախ: Երեկ ճանապարհին 4 հոգի գերի է ընկնում, որտե՞ղ է անվտանգությունը: Արայիկ Հարությունյան, քո դուստրերը հիմա Ստեփանակերտո՞ւմ են, պատրաստվո՞ւմ եք աղջիկներիդ մեծացնել Ստեփանակերտում քանի ադրբեջանցին Շուշիում է», - հարց բարձրացրեց հադրութցիներին սատարելու եկած ստեփանակերտցի Ադելա Աղաջանյանը:
Նա ասաց, որ Ստեփանակերտում իր տունը կանգուն է, բայց չի վերադառնալու, քանի որ անվտանգությունից զատ չի կարող նաև ամեն օր մուղամի ձայն լսել:

«Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ադրբեջանական զորքը Շուշիում է, նույն պահին զանգում եմ դիրքերում գտնվող իմ հարազատներին, ասում են՝ մենք Շուշիում ենք, ինչպե՞ս հավատամ նրան: Եկել են մեր կռվողները և ասում են՝ Շուշին հանձնել են, Շուշի առ այսօր ադրբեջանական զորք չի մտել, ինչո՞ւ պետք է նախագահ կոչվածի հայտարարություններն ի գիտություն ընդունեմ», - ասաց նա:

Արմինե Գևորգյան