Բավ է պառակտվել
08-11-2018 14:08

Հայաստան վերադարձած կամ արտաքսված միգրանտներին կօգնեն բնակարաններով և աշխատանքով

Հայաստանի միգրացիայի ծառայության և միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի (ICMPD) երևանյան գրասենյակի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելով, հինգշաբթի Երևանում մեկնարկել է վերադարձի և վերաինտեգրման ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանից նախկին միգրանտներին: “Նախկին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը միգրացիոն գործընթացների կառավարման հարցում։ Ծրագրի շնորհիվ հայրենիք վերդարձածներին օգնություն կտրամադրվի սոցիալ-տնտեսական ինտեգրման և նրանց նորմալ կենսագործունեության համար պայմաններ ստեղծելու հարցերում”,-ասել է լրագրողներին Հայաստանում ICMPD գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան։ Նրա խոսքերով, ծրագրի շրջանակներում Հայաստանի համապատասխան պետական կառույցներին գործնական աջակցություն կցուցաբերվի հայրենակիցների, մասնավորապես՝ Եվրամիության երկրներից վերադարձած կամ արտաքսված անձանց, վերադարձի և վերաինտեգրման կազմակերպման հնարավորությունների և ներուժի ավելացման գործում։ “Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, Հայաստանի կառավարությանը օժանդակություն կցուցաբերվի միգրանտների մասնագիտական զարգացման, նրանց ուսուցման ու վերապատրաստման կազմակերպման, փոքր բիզնեսի ստեղծման, անհրաժեշտ բժշկական ծառայություններ և ժամանակավոր ապաստարան տրամադրելու հարցերում”, - ասել է նա: Ծրագիրը ICMPD- ի նախաձեռնությունն է և ֆինանսավորվում է Եվրոպական միության Ապաստան, Միգրացիայի և Ինտեգրում հիմնադրամի (AMIF) կողմից: Ծրագրի իրագործման ընթացքում նախատեսվում է օգնություն ցուցաբերել անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և բոլոր վերադարձող քաղաքացիներին օժանդակելու, պետական գերատեսչությունների զարգացման և վերադարձող միգրանտների տվյալների բազայի կատարելագործման խնդիրներում։ Միգրացիայի ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանն, իր հերթին, կարևորել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության ծրագրի իրականացման գործընթացը, քանի որ կարևոր է ոչ միայն քաղաքացիների վերադարձը հայրենիք , այլև նրանց ինտեգրումը հասարակությանը:

“Մենք գործ ունենք մարդկանց ճակատագրերի հետ, հայրենիք վերադառնալուց հետո նրանք սթրեսային վիճակում են հայտնվում, քանի որ շատ բան նրանց կամ օտար է, կամ անծանոթ ու մոռացված։ Մեր պարտականությունը պետք է լինի` օգնել նրանց վերադառնալ իրենց նորմալ կյանքին”,- ասել է Ղազարյանը:

Նա ընդգծել է, որ ծրագիրը հնարավորություն կտա նորովի իրականացնել մարդու ազատ տեղաշարժի և բնակության վայրի ընտրության իրավունքը: