Բավ է պառակտվել
21-08-2020 19:33

Ասում եք՝ «դուխով Հայաստան», սա՞ է մեր «դուխով Հայաստանը»․ փակվում է Մարալիկի ծննդատունը


Այսօր «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Պատճառն այն էր, որ ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, որի հետևանքով կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ:
2019-ին որոշում է կայացվել փակել բաժանմունքը, սակայն քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, և վերջիններիս առաջարկվել է վերազինել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, որից հետո կկատարեն ուսումնասիրություն, ինչից հետո էլ որոշում կկայացվի:
«Մենք փորձեցինք բաժանմունքը վերազինել, այս տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում բաժանմունքին կարգ չշնորհվեց»,- ասաց հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:
Վերջինս խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ՝ առկա բացերը լրացնելու համար. բաժանմունքը վերազինել են անհրաժեշտ բժշկական սարքերով, սակայն, երբ կրկին դիմել են Առողջապահության նախարարություն, պատասխան են ստացել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնասիրություն կատարելու համար հանձնախումբ չունեն:
Մյուս խնդիրն այն է, որ բաժանմունքի պետպատվերի մերժման ժամանակ կառավարության կողմից որոշում չի եղել. «Չկա հստակ իրավական ակտ, որի հիման վրա բաժանմունքի 13 աշխատակիցներին հնարավոր կլիներ ծանուցել, որ իրենք աշխատանքից ազատված են:
«Պարո'ն Փաշինյան, հարցին լուծում տվեք, Մարալիկի ծննդատունը 17 գյուղի է սպասարկում, ինչի՞ պիտի այսօր այն փակվի, ծնունդ չընդունի, իսկ անձնակազմը բողոքի ակցիա անի: Այս 7 ամսվա ընթացքում էլ գրանցվել է 21 ծնունդ »,֊ ասաց «Մարալիկի առողջության կենտրոնի»  ծննդատան աշխատակիցներից Արեգնազան Բալոյանը:
Նշենք, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատունն արդեն յոթ ամիս է` չի ֆինանսավորվել, և աշխատակիցները չեն վարձատրվել:

«Ես խալաթը հագիս ճանապարհ եմ փակել, «դուխով» վարչապետ եմ ուզել, որ այսօր այս խնդրի առաջ կանգնե՞նք, սա՞ էր մեր ուզած Հայաստանը, որ այսօր մեր երեխաները սոված մնա՞ն»,- ասաց նա:
Աշխատակիցները մտահոգված են՝ այդքան ծրագրեր են իրականացնում, միթե Մարալիկը չի կարող դրանց շարքին դասվել:
«Մեզ համար ժամանակը շատ թանկ է, քանի որ օրեցօր ֆինանսական բեռն ավելանում է: Մենք խնդրում ենք որոշակիություն, հնարավորություն տալ աշխատել, եթե դա չեն տալիս, կառավարության որոշում տան, որ աշխատակիցներն աշխատանքից ազատված են: Ինչքան կարելի է անորոշության մեջ մնալ»,- ընդգծեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Իսկ աշխատակիցը խնդրեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարցին առաջնահերթություն տա և այցելի Մարալիկ: «Բարեհաճեք գալ Մարալիկ ու հասկանալ, թե ինչի համար է ժողովուրդը մեկ տարի ակցիա անում»: Նրա խոսքով՝ երբեք Կառավարության կողմից ուշադրության չեն արժանացել:

«Ես միայնակ կին եմ, ո՛չ աշխատանք ունեմ, ո'չ թոշակառու եմ, ինչո՞վ պետք է ապրեմ, ու ասում եք՝ «դուխով Հայաստան», սա՞ է մեր «դուխով Հայաստանը», ես նկատողություն եմ ստացել, որ խալաթով դուրս եմ եկել ու ճանապարհ փակել, բայց ես ուզել եմ, որ Մարալիկը բարգավաճի»,- ասաց Արեգնազան Բալոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ձմռանը որոշում էր կայացրել ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Ըստ այդ որոշման՝ ծննդատներում ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Մարալիկի ծննդատան աշխատակիցները պայքարեցին ծննդատան փակվելու դեմ, որի արդյունքում ծննդատունը չփակվեց, սակայն այլևս չի ֆինանսավորվում:

 

 

Արմինե Գևորգյան